ՀՀ առաջին նախագահը հանդիպել է արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատարի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակից։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները», ընդդիմության՝ կալանքի տակ գտնվող կողմնակիցների ազատ արձակման հարցը, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա զարգացումները:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր դեպարտամենտի` Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Գուննար Վիգանդը և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը:-0-