«Գազպրոմը» շահագրգռված է հայկական գազի շուկայի զարգացմամբ
ԵՐԵՎԱն, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Գազպրոմ» ռուսական էներգետիկ հոլդինգը շահագրգռված է հայկական գազի շուկայի ռազմավարական զարգացմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի հետ համագործակցության բարձր մակարդակը։ Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից, այդ մասին հայտարարվեց նախօրեին «Գազպրոմի» գլխավոր գրասենյակում հոլդինգի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ Կարեն Կարապետյանի աշխատանքային հանդիպման ընթացքում։
Միլլերն ու Կարապետյանը քննարկեցին նաև Հայաստանի համար անցումը գազի գնագոյացման սկզբունքներին, որոնք հապատասխանում են եվրոպական չափանիշներին։ Հայաստանում գազի նոր սակագինը, ինչպես և Ռուսաստանում, կսկսի գործել 2011թ.-ից։
Պայմանագիրը նախատեսում է Հայաստանում ռուսական բնական գազի գնի աստիճանական աճ 2009 և 2010թթ.-ին։ «Դա կապված է այն բանի հետ, որ «Գազպրոմը», հանդիսանալով «ՀայՌուսգազարդի» հիմնական բաժնետերը, ոչ միայն գազ է վաճառում Հայաստանին, այլև մասնակցում է գազի տեղափոխման և հանրապետության տարածքում իրացման գործին»,- ասվում է հաղորդագրությունում։
2006թ.-ի ապրիլից Հայաստան ներկրվող ռուսական բնական գազի սակագինն ավելացել է՝ $56-ից հասնելով մինչև $110՝ 1 հազար խորանարդ մետրի համար։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։
Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 253,8 միլիարդ դրամ (մոտ 843 միլիոն ԱՄՆ դոլար).
Բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն, ՀՀ էներգետիկայի նախարարությունը և «Իտերա» նավթագազային ընկերությունը։--0—

