Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է ներկայացվել 139 քաղաքացու. գլխավոր դատախազ

06.08.2008, 14:42
Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է ներկայացվել 139 քաղաքացու. գլխավոր դատախազ
Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է ներկայացվել 139 քաղաքացու. գլխավոր դատախազ

Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող՝ Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների մասին քրեական գործի առթիվ մեղադրանք է ներկայացվել 139 անձանց, տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

«Նրանցից 117-ի նկատմամբ որպես խափանման միջով ընտրվել է կալանքը, իսկ 22-ը ստորագրությամբ բաց են թողնվել», - ասաց Հովսեփյանը չորեքշաբթի տեղի ունեցած Հայաստանի դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազը, նախաքննության արդյունքում 31 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցը փոխվել է։ Հովսեփյանի կողմից ներկայացված նախնական տվյալների համաձայն, այսօրվա դրությամբ դատարան է ուղարկվել 95 անձնաց նկատմամբ հարուցված 82 քրեական գործ։

«Գործերի մեծ մասի դատավարությունն արդեն ավարտվել է և կայացվել է 67 դատավճիռ՝ 77 անձանց նկատմամբ», - ավելացրեց գլխավոր դատախազը։

Հովսեփյանի խոսքերով, 14 քաղաքացիները, որոնց նկատմամբ շարունակվում է նախաքննությունը, գտնվում են կալանքի տակ, ևս իննի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց, իսկ չորսը հետախուզման մեջ են։-0-