ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է համագործակցության հարցերը
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարության հետ, «Նովոստի-Արմենիային» հաղորդեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հավաքական անվտանգության համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ գործունեությանը, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական և ռազմատնտեսական համագործակցությանը նպաստող հարցեր»,- ասաց Շահսուվարյանը:
Նրա խոսքով, քննարկվել են նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կայանալիք հերթական նիստի օրակարգային հարցեր, որի նախագահությունն, այս անգամ, ստանձնելու է Հայաստանը:
Զրուցակիցները կարևորել են հատկապես «Ռուբեժ 2008» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացումը, ինչպես նաև քննարկել են կազմակերպչական որոշ հարցեր:
ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի կունենան ամռանը-աշնանը 4 փուլով՝ Հայաստանի և Ռուսաստանի տարածքում, դրանց կմասնակցեն մոտ 4 հազար զինծառայողներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից։
Ռուսաստանը, Հայաստանը և Տաջիկստանը զորավարժությունների ակտիվ փուլում կներկայացվեն ռազմական ստորաբաժանումներով, իսկ Կազմակերպության մյուս անդամները՝ պաշտպանության նախարարությունների օպերատիվ խմբերով։
Հանդիպմանը քննարկվել են նաև Միացյալ ռազմական համակարգերի ստեղծմանն ու գործունեությանն առնչվող խնդիրներ:
ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։--0—

