ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Երևանում մարտի անկարգությունների հետ կապված զանգվածային ձերբակալությունների մասին լուրերը

08.05.2008, 11:13
ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Երևանում մարտի անկարգությունների հետ կապված զանգվածային ձերբակալությունների մասին լուրերը
ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Երևանում մարտի անկարգությունների հետ կապված զանգվածային ձերբակալությունների մասին լուրերը

ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել է հանրապետությունում տարածված լուրերն այն մասին, որ վերջին օրերին իրականացվել են զանգվածային ձերբակալություններ՝ կապված Երևանում մարտի 1-ի իրադարձությունների հետ։  

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնք ուղեկցվել են կողոպուտներով և հրկիզումներով։

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում։

«Որոշ անձանց կողմից տարածվող տեղեկությունները, թե նշված քրեական գործի շրջանակներում վերջին օրերին կատարվել են զանգվածային ձերբակալություններ, իրականությանը չի համապատասխանում, ապատեղեկատվություն է», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Գլխավոր դատախազությունից։ Նրանց հաղորդմամբ, վերջին տասը օրվա ընթացքում երկու անձ է ձերբակալվել։

Մասնավորապես, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով ապրիլի 26-ին ձերբակալվել է Էդվարդ Աշուղյանը։ Նրան օրենքով սահմանված ժամեկտում, մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններին անմիջականորեն մասնակցում) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Մայիսի 5-ին իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Աղայանը: 

«Երկուսն էլ հարցաքննվել են  քրեադատավարական նորմերի պահպանմամբ և ձերբակալության հիմքերը բխել են քրեական գործի հանգամանքներից: Օրենքով նախատեսված կարգով ապահովվել է նրանց օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունը», - ասել են դատախազությունից։-0-