Հայաստանի կառավարությունն առաջնային է համարում մարդկային կապիտալի զարգացումը
Հայաստանի կառավարությունը առաջնային է համարում մարդկայի կապիտալի զարգացումը, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խորհրդարանում ներկայացնելով կառավարության 2008-2012 թվականների գործունեության ծրագիրը։
«Մենք քաջ գիտակցում ենք, որ առանց մարդկային կապիտալի զարգացման մենք ուղղակի կտապալենք առաջընթացի բոլոր ծրագրերը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով, Հայաստանի Հանրապետության արդիականացումը հնարավոր չէ առանց արդյունավետ կրթական համակարգի:
Հայաստանի կառավարության ղեկավարը նշեց, որ կրթության բարեփոխումների հիմքում պետք է դրվեն Լիսաբոնյան հռչակագրում ամրագրված սկզբունքները::
Սարգսյանը թվարկեց դրանցից մի քանիսը. «Հայաստանի Հանրապետությունը պետք է հիմնված լինի ուժեղ համալսարանների վրա: Մենք կառուցում ենք գիտելիքի վրա հիմնված հասարակություն և պետք է ունենանք այնպիսի կրթական համակարգ, որը կպատրաստի մեր ապագան կերտող կադրեր»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքերով, պետք է բարեշրջություն կատարենք մեր մտածողության մեջ. այն է` հասկանանք, որ կրթությունը պետք է լինի ցկյանս:
«Ժամանակակից աշխարհում ապրել առանց շարունակական կրթության հնարավոր չէ, և կառավարությունը ձեր դատին է հանձնում շարունակական կրթության հայեցակարգը»,- նշեց կառավարության ղեկավարը:
Սարգսյանը նշեց նաև, որ երկրում պետք է ապահովված լինի կրթօջախների և գիտահետազոտական աշխատանքների կապը: «Եթե գիտությունը տարանջատում ենք կրթական հաստատություններից, տուժում են և գիտությունը, և կրթությունը»,- կարծում է վարչապետը:
Նրա խոսքերով, ապահովված կլինի ուղղակի կապը կրթօջախների և գործարարության միջև:
«Կրթական համակարգը կունենա ինովացիոն ուղղվածություն, իսկ կառավարությունն ամեն կերպ կխրախուսի այն: Կրթօջախները պետք է անընդհատ ուղղակի կապի մեջ լինեն հասարակության հետ` ապահովելով իրենց նվաճումների և գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հասանելիությունը»,- նշեց Սարգսյանը:
Նա նաև ավելացրեց, որ կառավարությունը բացառիկ հնարավորություն կստեղծի երիտասարդների համար, արտասահմանյան բարձրակարգ կրթօջախներում ուսանելու:
«21-րդ դարում ունենալ կրթության բարձր մակարդակ` նշանակում է ունենալ բարձր կենսամակարդակ»,- ասաց վարչապետը։-0-

