Մարտի 14-ից հայկական ԶԼՄ-ները ազատ կաշխատեն ԱԴ-ի պայմաններում. նախագահի մամուլի քարտուղար
Մարտի 14-ից հայկական ԶԼՄ-ները ազատ կաշխատեն Երևանում գործող արտակարգ դրության պայմաններում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։
«ԶԼՄ-ներն իրենց աշխատանքում ազատ կլինեն, սակայն եթե մինչ այժմ հրամանագրում ամրագրված էր այն, ինչ կարելի է, ապա այժմ նշվում է այն, ինչ չի կարելի», - ասաց Սողոմոնյանը։
Նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ բոլոր ԶԼՄ-ները, այդ թվում նաև էլեկտրոնայինները, մինչ այժմ նույնպես կարող էին ազատ աշխատել՝ արտակարգ դրության մասին հրամանի շրջանակներում, պարզապես ոչ բոլորն էին կարողանում իրականացնել դրանում ամրագրված պահանջները։
Հինգշաբթի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագրով չեղյալ է համարել ԶԼՄ-ների մի շարք սահմանափակումները՝ մտցված մարտի 1-ից 20 օր ժամկետով արտակարգ դրության մասին հրամանագրի շրջանակներում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում այս տարվա մարտի 14-ից։
ԱԴ-ն մտցվել էր Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերի (պետության և բնակչության անվտանգության սպառնալիք) համաձայն, ինչը կապված է ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության ցույցերի հետ. նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Հրամանագրում արված փոփոխությունների համաձայն՝ հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ՝ «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվության հրապարակումը»։ Արգելվում են ապօրինի միջոցառումների մասնակցության կոչերը, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը։
Հրամանագրի սկզբնական խմբագրությունը նախատեսում էր, որ պետական և ներքաղաքական հարցերի հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումները իրագործվում են բացառապես պաշտոնական տեղեկատվության շրջանակներում։
Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ տարածել են հայտարարություն, որում ասվում է, որ ստեղծված իրավիճակում ոտնահարվում է տեղեկատվություն ստանալու և տարածելու՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքը, խախտվում են խոսքի և մամուլի ազատության համընդհանուր սկզբունքները, ինչի արդյունքում ԶԼՄ-ները կրում են նյութական կորուստներ, իրականացվում է գրաքննություն, իսկ երկիրը հայտնվել է տեղեկատվական շրջափակման մեջ։-0-

