Ամեն տարի անձրևները Հայաստանի գյուղատնտեսությանը 5 մլն դոլարի վնաս են հասցնում
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ամեն տարի հորդ անձրևներից Հայաստանի գյուղատնտեսությանը հասցված վնասը կազմում է միջինը 1,6 – 1,7 միլիարդ դրամ (մոտ 5,2 – 5,5 մլն. դոլար)։ Այս տվյալները երեքշաբթի ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Լոքյանը հայտնեց, որ Հայաստանը դասվում է աշխարհի սելավավտանգ տարածքների թվին։ Նախարարն ավելացրեց, որ մի քանի տարի առաջ՝ 1997թ.-ին և 1998թ.–ին հասցված վնասը եղել է անհամեմատ մեծ՝ 29,2 մլն. դոլար և 45,4 մլն. դոլար՝ համապատասխանաբար։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել է «Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և բնակչության գույքը վարարումների ու սելավների ռիսկից պաշտպանելու միջոցառումների» ծրագիրը։
2,6 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագիրն իրականացվելու է ս.թ. մարտ-ապրիլ ամիսներին։ Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, ձևավորվելու է հանրապետության գետերի և հեղեղատարների, դրանց հեղեղակարգավորիչ կառուցվածքների, սպառնացող վտանգների վերաբերյալ տեղեկատվական ամբողջական բազան։
Խորհրդակցության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ ոռոգման համակարգերի նորոգման և մաքրման աշխատանքների իրականացումը մարտի 4-ից արդեն իսկ սկսվել է և կավարտվի մինչև ապրիլի 25-ը: Նա ավելացրեց, որ նախալեռնային և լեռնային շրջաններում տվյալ աշխատանքները սկսվում են ավելի ուշ՝ հունիս-հուլիս ամիսներին։ Անդրեասյանի խոսքով, նորոգման և մաքրման աշխատանքների ավարտից հետո ջրառ իրականացնող ընկերությունների կողմից շահագործվող բոլոր հիդրոտեխնիկական կառուցվածքները ոռոգման շրջանի սկզբին կբերվեն տեխնիկապես աշխատունակ վիճակի:
ՀՀ փոխվարչապետը բոլոր գերատեսչություններին հանձնարարեց ապահովել նախատեսվող աշխատանքների արդյունավետ կազմակերպումը: --0—

