ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք վկայում են ընտրությունների զանգվածային կեղծումների մասին

19.02.2008, 16:47
ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք վկայում են ընտրությունների զանգվածային կեղծումների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք վկայում են ընտրությունների զանգվածային կեղծումների, ինչպես նաև քվեարկության ընթացքում տեղի ունեցող ահաբեկչական ակցիաների մասին։

«Կեղծումների մասին տեղեկատվություններ մեր շտաբն անդադար ստանում է, բոլոր խախտումներն արձանագրվում են, գրառվում են արձանագրության մեջ, դրանց մասին տեղեկատվությունը կտրամադրվի հասարակությանը,  տեղական և միջազգային դիտորդներին, համապատասխան պետական մարմիններին, ինչպես նաև պարբերաբար կթարմացվեն թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական կայքում»,- երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը։

Նա հողորդեց, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 28/06 ընտրական տեղամասում 10-15 ավազակներ հարձակվել են ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց վրա, մասնավորապես, «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Երջանիկ Աբգարյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի վրա և ծեծի են ենթարկել նրանց։

«Մեր թեկնածուի մեկ այլ վստահված անձի ստիպել են նստել մեքենան և դուրս են տարել ընտրական տեղամասից, որը գտնվում է մայրաքաղաքի Արաբկիր համայնքում»,- ասաց նա։

Բացի այդ, Մուսինյանի խոսքով, զանգվածային բնույթ են կրում ընտրական տեղամսերին հարակից տարածքում տրվող ընտրակաշառքների դեպքերը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու բացահայտ քարոզչությունը։

«Արձանագրվել և տեսաերիզի վրա ձայնագրվել են 8/21 տեղամասում քվեաթերթիկների «կարուսելի» դեպքեր, ինչպես նաև քվեաթերթիկների զանգվածային գցման դեպքեր, մասնավորապես, մայրաքաղաքի համայնքերից մեկի 8/01 ընտրական տեղամասում, որտեղ քվեատուփերում հայտնաբերվել են քվեաթերթիկներ՝ կոկիկ դարսված քվեատուփի մեջ»,- ընդգեծց նա։

Մամլո քարտուղարն անհանդուրժելի անվանեց այն փաստը, որ մայրաքաղաքի շուկաներից մեկի տարածքում գրանցվել են հանարապետության շրջաններից գյուղացիներին մայրաքաղաք բերելու զանգվածային դեպքեր, Ոստիկանության աշխատակիցների կողմից նրանց իբր թե կորցրած անձնագրի փոխարեն N9 ձևը հանձնելու և նրանց 10/11, 10/12, 10/13, 10/14, 10/15, 10/16, 10/17 և 10/05 տեղամասերի լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկելու դեպքեր։

«Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղում արձանագրվել են բաց քվեարկության դեպքեր»,- ավելացրեց նա։

Իր հերթին, Երջանիկ Աբգարյանը, որը 28/06 տեղամասում իր հետ պատահած միջադեպից հետո եկել էր մամուլի ասուլիսի, պատմեց ծեծի մանրամասները և ընդգծեց, որ Աբովյանում դրությունն արդեն դուրս է եկել հսկողության սահմաններից։

«Վստահված անձանց վրա ուղղակիորեն ազդում են՝ ահաբեկչական հարձակումների ձևով, բռնության կիրառմամբ և ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներով»,- ասաց նա, ավելացնելով, որ անհայտ անձինք ճնշում են գործադրում նաև վստահված անձանց վրա և արգելում են նրանց խախտումները գրանցել արձանագրության տեսքով։

Գուրգեն Եղիազարյանի խոսքով, Աբովյանում խախտումները սկսվել են վաղ առավոտից՝ մինչև ընտրական տեղամասերի բացվելը և մինչև միջազգային դիտորդների ժամանումը։

«28/07 ընտրատեղամասում մի կին է ծեծի ենթարկվել, որին անհայտ անձինք քաղաքից դուրս են տարել և սպառնացել են հետագա հաշվեհարդարով, եթե նա վերադառնա ընտրական տեղամաս և շարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնատար անձի ներկայացուցչի պարտականությունները»,- պարզաբանեց նա։

Եղիազարյանը նաև բաց քննադատությամբ հանդես եկավ ՀՀ նախագահի մյուս թեկնածուների վստահված անձանց հասցեին, որոնք, լինելով իրենց գործընկերների նկատմամբ իրականացվող խախտումների և ահաբեկչական ակցիաների վկաները, «ոչ միայն դեմ չեն դուրս գալիս այդ կամայականություններին, այլ ինչպես դա տեղի ունեցավ Արտաշես Գեղամյանի վստահված անձի դեպքում՝ իրենք են վեճեր հրահրում»։

Ժամը 12։30-ի տվյալներով ՀՀ գլխավոր դատախազությունն ահազանգ է ստացել վեց միջադեպերի մասին, որոնք տեղի են ունեցել նախագահական ընտրությունների ընթացքում։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։

Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-