Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների միջև արդյունավետ համագործակցություն է հաստատված
Հայաստանի խորհրդարանի «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» ընդդիմադիր խմբակցությունների միջև արդյունավետ համագործակցություն է հաստատված։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։
««Օրինաց երկիր» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության հետ «Ժառանգությունը» արդեն լավ համագործակցություն է հաստատել, խմբակցությունները ունեն մի քանի ընդհանուր օրինագծեր։ Նաև որոշ դեպքերում՝ քվեարկության ընթացքում մշակվում է ընդհանուր դիրքորոշում և ընթանում են ակտիվ խորհրդակցություններ։ Սակայն դեռևս ավելի լայն համագործակցության մասին խոսք գնալ չի կարող», - տեղեկացրեց նա։
Միաժամանակ Սաֆարյանը նշեց, որ ի դեմս «Ժառանգություն» խմբակցության, որը առաջին անգամ խորհրդարան անցավ 2007 թ.-ի մայիսի 12-ի ընտրություններից հետո, իշխանամետ խմբակցությունները գործ ունեն որակապես այլ ընդդիմադիր ուժի հետ։
«Խոսքը չի գնում այն մասին, որ այն ավելի լավ կամ ավելի վատն է անցած խորհրդարանական ընդդիմությունից, նոր ընդդիմությունը Ազգային ժողովում փոխել է իր մոտեցումներն ու վարքագիծը՝ հաշվի առնելով ընդդիմադիր գործընկերների անցած փորձը», - ասաց Սաֆարյանը՝ ավելացնելով, որ փոխվել է նաև ընդդիմության վարքագծի մակարդակը։
Մասնավորապես, ինչպես նշեց «Ժառանգության» քարտուղարը, ընդդիմությանը հաջողվել է կանխարգելել ՀՀ ԱԺ-ում կարևոր օրինագծերի հապճեպ քննարկումների հնարավորությունը, ընդդիմությունը նաև շատ դրական նորամուծություններ է արել խորհրդարանի աշխատանքի մեջ։
«Հուսով եմ, որ մոտ ժամանակներս ընդդիմությունը կկարողանա բազմապատկել դրական փոփոխությունները հանրապետության խորհրդարանում։ Այսպես, համար մեկ խնդիրը խորհրդարանի կարգավիճակի փոփոխությունն է», - տեղեկացրեց խորհրդարանականը։
Նրա կարծիքով, այժմ, չնայած Սահմանադրության կողմից սահմանված խորհրդարանի անկախության չափորոշչի, այնուամենայնիվ այն մնում է գործադիր իշխանության հավելված։ Ինչպես հայտարարեց Սաֆարյանը, խորհրդարանը պետք է դառնա իշխանության ինքնուրույն ճյուղ, որը հակակշիռ կդառնա Հայաստանի կառավարությանը։-0-

