Վրաստանում իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանն անմասնակից չի մնա. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանում իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանն անմասնակից չի մնա։ Այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց քաղաքագետ և փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։
Նա նշեց, որ միակ երկիրը, որի խաղաղապահ զորքերն այսօր գտնվում են Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքում, Ռուսաստանն է։
«Եվ քանի որ այն խմորումները, որոնք այսօր տեղի են ունենում Վրաստանում, կարող են հասնել նաև այս տարածաշրջաններ, ապա Ռուսաստանը ստիպված կլինի անմիջական մասնակցություն ունենալ իրադարձությունների զարգացմանը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան դե-յուրե գտնվում են Վրաստանի կազմում։
Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ իսկապես վտանգավոր դրություն է ստեղծվել, քանի որ Սահակաշվիլին, ձգտելով բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել, կարող է ռազմական գործողություններ սկսել Հարավային Օսեթիայում։
«Այս դեպքում Ռուսաստանն անուղղակիորեն կներգրավվի ստեղծվող գործընթացների մեջ»,- ընդգծեց նա։
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 7-ին, կեսօրից հետո վրացական հատուկ նշանակության ջոկատը ցրել է խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաքը՝ կիրառելով ռեզինե մահակներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Մինչ այդ ցուցարարները ճեղքել էին ոստիկանության շղթան և շարժվել դեպի խորհրդարան։ Ընդհարման արդյունքում կան տուժածներ։ --0—

