Հայաստանը չափազանց կարևոր է համարում համագործակցությունը Եվրախորհրդի շրջանակներում
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չափազանց կարևոր է համարում համագործակցությունը Եվրախորհրդի շրջանակներում, երկուշաբթի Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։
«Վարչապետը ողջունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը մեր երկիր` ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է ԵԽ շրջանակներում համագործակցությունը»,- «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում Սարգսյանը և Դևիսը քննարկեցին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը՝ այդ ճանապարհին արձանագրված առաջընթաց համարելով ս.թ. մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջիկա նախագահական ընտրությունների համար լավ հիմք են:
Նրանք համակարծիք էին, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրությունները ոչ միայն որևէ ձևով չզիջեն անցած խորհրդարանական ընտրություններին, այլև մեկ քայլ առաջ լինեն նախորդից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ շահագրգիռ ու արդյունավետ փոխգործակցության շնորհիվ Եվրախորհրդին անդամակցության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ կկատարվեն:
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսը Հայաստան է ժամանել նախօրեին՝ երկօրյա այցով։ Երևանում նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի գերագույն քաղաքական ղեկավարության հետ, ելույթը Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև հանդիպումը Հայաստանում ԵԱՀԿ պատվիրակության անդամների հետ։ --0—