Կրքեր Գարեգին Նժդեհի շուրջ Մոսկվայում. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մտահոգված է Նժդեհի հիշատակը պղծելու փորձերի կապակցությամբ

30.01.2022, 15:26
Կրքեր Գարեգին Նժդեհի շուրջ Մոսկվայում. ՌԴ-ում  ՀՀ դեսպանությունը մտահոգված է Նժդեհի հիշատակը պղծելու փորձերի կապակցությամբ
Կրքեր Գարեգին Նժդեհի շուրջ Մոսկվայում. ՌԴ-ում  ՀՀ դեսպանությունը մտահոգված է Նժդեհի հիշատակը պղծելու փորձերի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ հունվարի 28-ին ՌՀՄ երիտասարդական կենտրոնում «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքեր բորբոքելու փորձերի կապակցությամբ: Այս մասին նշվում է դիվանագիտական առաքելության Facebook-յան էջուր հրապարակված հայտարարության մեջ:

Հունվարի 28-ին «Իզվեստիան» հայտնել է, որ Ռուսաստանի հայերի միությունում ուրբաթ՝ հունվարի 28-ին տեղի չի ունեցել Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը: «Իզվեստիայի» տվյալներով, միջոցառումից առաջ իրավապահներն ընթերցել են դատախազության զգուշացումը նման ցուցադրության անիրավաչափության մասին: ՌՀՄ-ն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց միջադեպերի:

«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը գտնվում է կապի մեջ ինչպես «Ռուսաստանի հայերի միության» և ՌԴ-ում գործող այլ հայկական կազմակերպությունների, այնպես էլ, Մ ռուսական իշխանությունների հետ: Դեսպանությունը նաև ուշադրությամբ հետևում է մամուլի հրապարակումներին և հայտնում է խորը մտահոգություն հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների արատավորման մեջ հետաքրքրված որոշակի շրջանակների կողմից ՀՀ անկախության համար մարտնչած Գ. Նժդեհի հիշատակը պղծելու փորձերի կապակցությամբ», - նշվում է հայտարարության մեջ:

Դեսպանությունն անթույլատրելի է համարում այս թեմայի շուրջ շահարկումներն ու կոչ է անում ձեռնպահ մնալ բացահայտ կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց:

ՌՀՄ-ից հիշեցրել են, որ Գարեգին Նժդեհը Ռուսական կայսրությանը ծառայելու համար պարգևատրվել է երկու Գեորգյան խաչերով և Սուրբ Վլադիմիրի ու Սուրբ Աննայի շքանշաններով: Ինչ վերաբերում է հայ ռազմական գործչի նկատմամբ քրեական հետապնդմանը, ՌՀՄ-ից նշել են, որ 1948թ.-ին Նժդեհը դատապարտվել է ՌԽՖՍՀ ՔՕ 4 հոդվածներով, և դրանցից ոչ մեկում նշված չէ, որ նա համագործակցել է ֆաշիստների հետ:-0-