Արցախի ՄԻՊ-ն անընդունելի է անվանել Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը՝ Արցախում Ադրբեջանի գործողության մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը անընդունելի և դատապարտելի է անվանել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Արցախի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ։
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Ազատության» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանն իրավունք ունի հարձակվել Հայաստանի և Արցախի վրա, հայտարարել է, որ «Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։
«Հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ, դա մի մարդու հայտարարություն է, ով չգիտի հակամարտության պատմությունը, բանակցային գործընթացը»,-«Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ բանակցային ողջ գործընթացի ժամանակ միշտ նշվել է, որ ձևավորված հիմնական սկզբունքներից մեկն ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի սկզբունքն է, ինչը վկայում է, որ Ադրբեջանը չուներ լեգիտիմ իրավունք ռազմական ագրեսիա սանձազերծելու։
Արցախի ՄԻՊ-ը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այս հարցով և ՄԱԿ-ի չորս բանաձևերի շուրջ հանդես է գալիս նման մեկնաբանությամբ։
«Շատ ափսոս, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը ՄԱԿ-ի չորս բանաձևերը նման ձևով է մեկնաբանում, խեղաթյուրելով և ենթարկվելով Ադրբեջանի քարոզչական թեզերին։ Այսպիսով պարզ է դառնում, որ հենց այս ազդեցության տակ է այս անձը նման կարծիք կազմել»,- նշել է Ստեփանյանը։

