Ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը

24.02.2016, 18:53
Նախագահական նստավայրում Հայ Հեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների միջև ստորագրվեց քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը:
Ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախագահական նստավայրում Հայ Հեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների միջև ստորագրվեց քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը:

ՀՅԴ-ի կողմից այն ստորագրեց Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՀԿ-ից՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:  

«Քաղաքական նոր մշակույթի սկիզբ է դրվում քաղաքական դաշտում, քանի որ այս համաձայնագիրը ոչ հետընտրական կոալիցիա է, ոչ էլ նախընտրական դաշինք։ Այս համաձայնագիրը սկիզբ է դնում քաղաքական երկարատև համագործակցության, որը խարսխված է արժեհամակարգային ընդհանրությունների և միասնական նպատակների և գործողությունների ծրագրի վրա»,- կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:  

Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ի կողմից նախարարական պատասխանատվությունը կստանձնեն Լևոն Մկրտչյանը` ՀՀ կրթության և գիտության նախարար, Դավիթ Լոքյանը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արծվիկ Մինասյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարար:

Նա նշեց նաև, որ Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ`Հովսեփ Սիմոնյանը :

Դաշնակցական նախարարների անուններն արդեն հայտնի են>>

Աշոտյանը  նշեց նաև, թե հաշվի առնելով երկու կուսակցությունների ծրագրային դրույթների համադրելիության սկզբունքը, հատկապես ազգային գաղափարախոսության և պետականամետ գործողությունների շրջանակներում, այսօր ստորագրվել է մի փաստաթութ, որը բավականին ծավալուն է և իր բովանդակությամբ հնարավորություն է տալիս գործողությունների ծրագրով քայլ առ քայլ ամրապնդել  երկու կուսակցությունների միջև համագործակցությունը:-0-