Քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցը․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքների մասին

14.01.2026, 12:14
Քննարկել ենք այն խոչընդոտները, որոնք չեն համապատասխանում խաղաղության դրական տենդենցներին, ասել է Միրզոյանը
Քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցը․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Իմ և ԱՄՆ պետքարտուղարի միջև հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցը։

Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով իր և ԱՄՆ պետքարուղար Մարկո Ռուբիոյի` հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը։

«Մենք քննարկել ենք և՛ երկկողմ, և՛ TRIPP-ից բխող համագործակցության հեռանկարները և նաև քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորման դրական տենդենցներին և համագործակցության տենդենցներին»։

Նախարարի խոսքով, Ադրբեջանում պահվող անձանց հարցն այդ հարցերից մեկն է։

Նշենք, որ հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, և նախօրեին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։