Քաղցկեղի բուժման դեղի կեղծ սերիայի ահազանգ է ստացվել․ տեսչական մարմինը զգուշացնում է
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դեղի կեղծ սերիայի ահազանգ է ստացվել, հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
«2026 թվականի մայիսի 11-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/2457-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Պերջետա (պերտուզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30մգ/մլ, ապակե սրվակ 14մլ ( գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ․Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա), դեղի N7796 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմինը խնդրում է ուշադիր լինել և խուսափել N7796 սերիայով դեղի օգտագործումից։
Պերտուզումաբը թիրախային հակաուռուցքային դեղամիջոց է, մոնոկլոնալ հակամարմին, որը կիրառվում է HER2-դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:

