Վարչապետը հայտնել է, թե ինչու Ղարաբաղի շուրջ հայտարարությունը չի ներկայացվել քննարկման

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի շուրջ հայտարարության ստորագրումը քննարկման չի ներկայացվել ԱԺ-ում կամ ընդդիմության հետ, որովհետև մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանության մեջ է տեղի ունեցել, հայտնել է ՀՀ վարչապետը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Որովհետև դա մոտավորապես նույնն է, եթե ասեք՝ թե ենթադրենք, որ մեր ստորաբաժանումն ինչ-որ մի տարածքից ետ է քաշվել կամ ինչ-որ տարածքում որոշել է գրոհել՝ ինչո՞ւ այդ հարցը չի քննարկվել Ազգային ժողովում, չի քննարկվել ընդդիմության հետ»,- նշել է Փաշինյանը:
Նա հայտնել է, որ այն ժամանակ ռազմական գործողություններ էին, ընդ որում, շատ կրիտիկական ռազմական գործողություններ: Բայց իրականությունն այն է, որ այս փաստաթուղթը ոչ միայն կամ առնվազն ոչ միայն հանձնելու, որքան պահպանելու մասին է:
«Երբ ռազմական գործողությունները կանգնած են, այդ փաստաթուղթը բաց է, և այստեղ արդեն քննարկել-չքննարկելու տրամաբանությունը գործում է, և դա քննարկում են հիմա բոլորը»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը հայտնել է, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքները, որում կայացվել է այդ որոշումը:
«Ինչպես ասել եմ, նման որոշում կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում: Ես երեկվա իմ ուղերձում ասացի, որ անկյունաքարային նշանակություն ունեցող գործոնը, որ բերել է այդ հայտարարության ստորագրմանը մեր կողմից, այն փաստի արձանագրումն էր, որ, ըստ էության, Ստեփանակերտ քաղաքը մնացել է անպաշտպան՝ Շուշիի անկումից հետո, և եթե շատ արագ՝ ժամերի ընթացքում, մենք չկանգնեցնենք պատերազմը, Ստեփանակերտը կընկնի, որից հետո ինքնաբերաբար Ասկերանը, Մարտակերտը, այսինքն՝ սցենարներից կախված 20-30 հազար մեր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ»,- նշել է Փաշինյանը:-0-