Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեկնարկել է Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով հետաքննություն
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում փետրվարի 23-ին պաշտոնապես մեկնարկել է «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացը։
Ինչպես հայտնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը, նախաձեռնության նպատակն է մանրամասն ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական ժառանգության համակարգված ոչնչացումը, գնահատել մինչ օրս ձեռնարկված իրավական քայլերը և նախանշել արդարության ու հաշվետվողականության հասնելու հնարավոր ուղիները։
Հետաքննության առաջին նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել «Արցախի միության» նախագահ, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Գործընթացն իրականացվում է Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի (IBAHRI) կողմից՝ սերտ համագործակցությամբ Միջազգային իրավունքի, արդարադատության ու հաշվետվողականության հարցերով, ինչպես նաև Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբերի հետ։
Բազմակուսակցական հանձնախումբը գլխավորում է խորհրդարանական Բրենդան Օ’Հարան։ Հանձնախմբի կազմում ընդգրկված են հայտնի քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ, այդ թվում՝ բարոնուհի Հելենա Քենեդին, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենը, Լորդ Մաք’Իննեսը, Լորդ Ալթոնը և բարոնուհի Հուպերը։
Աշխատանքների կազմակերպմանը նպաստում է IBAHRI ծրագրերի համակարգող Էյն Մակդոնալդը։ Նախատեսված հետաքննությունն անցնելու է հինգ հիմնական փուլով։ Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել մշակութային ոչնչացման վերաբերյալ ապացույցների և իրավական արձագանքների քարտեզագրում, կազմակերպել դիմումների ընդունման գործընթաց և անցկացնել հանրային լսումներ՝ փորձագետների ու վկաների ներգրավմամբ։ Գործընթացի ավարտին կհրապարակվի վերջնական զեկույց, որը հիմք կհանդիսանա Մեծ Բրիտանիայի կառավարության և միջազգային կառույցների հետ հետագա քննարկումների համար

