Միջազգային հանրությունը համոզվում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում օպտիմալ է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային հանրությունը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ տարբերակն է, «Sputnik–Արմենիա» ռադիոյի եթերում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
Միաժամանակ փորձագետը հավանական չի համարում, որ Եվրոպայի երկրները կարձագանքեն Ադրբեջանի այն հայտարարություններին, թե ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը սպառել է իրեն և հարկավոր է որպես համանախագահներ ներգրավել Գերմանիային և Թուրքիային։
«Ինձ թվում է` ոչ։ Միջազգային հանրությունը հասկացել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն ամենաօպտիմալ տարբերակն է։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջացող խնդիրների պատճառները համանախագահները չեն, այլ` հակամարտ կողմերը, իսկ ավելի ճիշտ` Ադրբեջանը», – ասել է Մելիք–Շահնազարյանը։
Նրա կարծիքով` եթե Ալիևն օգտագործում է այս ժամանակահատվածը պատերազմի պատրաստվելու համար, ապա բնական է, որ նոր ձևաչափը նրան հարկավոր կլինի այդ հարցը լուծելու համար։ «Կարծում եմ, որ նրանք չեն կարող հասնել նման փոփոխությունների, քանի որ դրան արդյունավետ կերպով դիմակայում է հայկական կողմը», – ասել է նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-