Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարարը ղարաբաղյան խնդիրն է քննարկել ԱՄՆ դեսպանի հետ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Մոսկվայում ղարաբաղյան խնդիրն է քննարկել ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլիի հետ, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Ուշադրություն հատկացվեց Հարավային Կովկասի իրավիճակին, որտեղ վերջերս եղան ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները, ինչպես նաև այդ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող առաջիկա Ժնևյան բանավեճերի պատրաստությանը: Շոշափվեց նաև ղարաբաղյան թեման, մերձդնեստրյան կարգավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում ռուսական կողմը հարցեր բարձրացրեց՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, այդ թվում և կովկասյան տարածաշրջանում ռուս-ամերիկյան պրակտիկ գործակցության անհրաժեշտության շուրջ:
Կարծիքներ փոխանակվեցին Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի, տարածաշրջանի պետությունների հետ Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:--0-