Լեռնային Ղարաբաղը բաց է միջազգային հանրության առաջ. ԼՂՀ խորհրդարանի խոսնակ

Լեռնային Ղարաբաղը բաց է միջազգային հանրության առաջ, լրագրողներին ասաց ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը:
«Ինչպես բազմաթիվ անգամ հայտարարել է ԼՂՀ իշխանությունը, Ղարաբաղը փակ թեմաներ չունի և լիովին բաց է արտաքին աշխարհի առաջ ցանկացած քննարկման համար»,- նախօրեին լրագրողներին ասաց խոսնակը:
Նա նաև ավելացրեց, որ Ղարաբաղի ղեկավարությունը բազմաթիվ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի և բոլոր միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող դարերով ստեղծված հայկական մշակութային արժեքները լուրջ վտանգի մեջ են:
ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը հայտարարեց, որ այդ առումով համանախագահները լուրջ աշխատանք ունեն անելու շփման գծի մյուս կողմում՝ ավելացնելով, որ Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում ղարաբաղյան կողմից հաջողվեց համոզվելու նրանում, որ համանախագահներն ունեն այն համոզմունքը, որ դա չի կարող միակողմանի մոտեցում լինել:
«Առաջիկա ամիսներին մենք ականատես կլինենք, որ նմանօրինակ հսկողություն կամ ստուգում կանցկացվի մյուս կողմում»,- ասաց Ղուլյանը:
«Այսօր ամենամեծ հարցը, որով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հրադադարի ռեժիմի ամրապնդման խնդիրն է, և այս առումով նրանք պետք է մի քիչ ակտիվացնեն իրենց ջանքերը առավելապես շփման գծի մյուս կողմից, այսինքն ադրբեջանական կողմից՝ հաշվի առնելով վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած ոտնձգությունները, դիվերսիաների ու միջադեպերի փորձերը»,- ասաց Ղուլյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-