Ստեփանակերտում Սուրբ Աստվածածնի եկեղեցի է կառուցվում

08.09.2009, 14:10
Ստեփանակերտում Սուրբ Աստվածածնի եկեղեցի է կառուցվում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում Սուրբ Աստվածածնի եկեղեցի է կառուցվում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով կառուցվող եկեղեցու աշխղեկին, 2006 թ.-ից մինչ օրս կառուցվել է նկուղային հարկը, կառուցման ընթացքում օգտագործվել է երկաթբետոն, շինարարներն արդեն հասել են առաջին հարկին:

Նախագծի համաձայն՝ 1000 քառակուսի մետր մակերեսով տարածքում վեր կխոյանա 30 մետր տրամագծով և 35 մետր բարձրությամբ մի վեհ շինություն, որի ներքին և արտաքին պատերը կծածկվեն տուֆով: Եկեղեցու շրջակա տարածքը կկանաչապատվի:

Բացի ավազից և խճաքարից՝ ողջ շինանյութը բերվում է Հայաստանից: Եկեղեցին կառուցում են հայ շինարարները:

Այժմ եկեղեցու շինարարական աշխատանքները դադարեցվել են, շինարարները սպասում են Հայաստանից բերվող շինանյութի հերթական խմբաքանակին:

Սուրբ Աստվածածնի եկեղեցու կառուցումը ծրագրվում է ավարտել 2011-2012 թթ.-ին:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են բարեգործական հիմունքներով: Եկեղեցու նախագծի հեղինակը «Նորգալ» ընկերությունն է, շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ինտերկապալ» կազմակերպությունը:-0-