Ղարաբաղի կառավարության հերթական արտագնա նիստը տեղի է ունեցել Հադրութում

09.04.2009, 12:22
Ղարաբաղի կառավարության հերթական արտագնա նիստը տեղի է ունեցել Հադրութում

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ ԼՂՀ կառավարության հերթական արտագնա նիստը նախօրեին տեղի է ունեցել Հադրութի շրջկենտրոնում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը զեկույց է ներկայացրել 2008 թ.-ի գործունեության և շրջանի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին։

Շրջվարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ հաշվետու ժամանակաշրջանում վարչության գործունեությունը հիմնականում ուղղված է եղել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, բնակավայրերի վերականգնմանը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ու մի շարք սոցիալական խնդիրների լուծմանը։

«2008 թվականը հաջող էր շրջանի հողօգտագործողների համար։ Ստացվել է 13588 տոննա հացահատիկային համախառն բերք, մեկ հեկտարից միջին բերքատվությունը կազմել է 23,5 ցենտներ, ինչը բարձր է 2007 թ.-ի ցուցանիշից», - տեղեկացրել է Գևորգյանը։

Նրա խոսքերով, 2008 թ.-ին Հադրութի շրջանում մասշտաբային աշխատանքներ են իրականացվել պետական, համայնքային, բարեգործական միջոցների հաշվին։ «Մոտավոր հաշվարկներով շրջանում շուրջ 1,3 միլիարդ դրամի շինարարություն է իրականացվել։ Շահագործման են հանձնվել նոր բնակելի տներ, սոցիալական և հասարակական նշանակության տարբեր օբյեկտներ, վերականգնվել են ճանապարհները, ջրատարերը, էներգահամակարգի կայանները։ Մեծ Թաղեր և Թոգ համանքներում, ինչպես նաև Հադրութ քաղաքում իրականացվել են գազիֆիկացման աշխատանքներ, Նորաշեն գյուղում տասը բնակելի տների շինարարություն է սկսվել», - տեղեկացրել է Գևորգյանը՝ միաժամանակ նշելով, որ շինարարական աշխատանքների որակը դեռևս հեռու է համընդհանուր չափանիշներից, շինարարության ժամկետները հաճախ ձգձգվում են և բացակայում է խիստ վերահսկողությունը։

«2008 թ.-ին Հադրութի շրջանում բնակչության որոշակի աճ է գրանցվել։ Այժմ շրջանում բնակվում է ավելի քան 12 հազ. 300 մարդ։ Վեց անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակելի տներ են կառուցվել», - հայտարարել է Գևորգյանը։

ԼՂՀ վարչապետը նշել է, որ համայնքապետերի և տեղի բնակչության միջև ամենօրյա աշխատանքային կապը բավականին թույլ է, այն մի երևույթ է, որը հատուկ է նաև հանրապետության այլ շրջաններին։ «Անընդունելի է այն գործելաոճը, որի համաձայն համայնքապետերի մեծ մասը ձգտում է տեղական նշանակության գրեթե բոլոր հարցերը լուծել պետության միջոցներով։ Պետք է արմատախիլ արվի հետադարձ պրակտիկան, տեղական խնդիրների հիմնական մասն անհրաժեշտ է լուծել սեփական հնարավորություններով», - ասել է Հարությունյանը։

Ղարաբաղի կառավարության ղեկավարը հատկապես անդրադարձել է կրթական խնդիրներին և ընդգծել, որ այս և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներն ուղղված են երկրի ընդհանուր զարգացմանը և չեն սպասարկում առանձին շերտերի շահերը։ «Անհրաժեշտ է, մասնավորապես, ունենալ կրթական այնպիսի համակարգ, որը նոր սերնդին որակյալ ուսուցում կտա և բեռ չի լինի պետության համար», - նշել է Հարությունյանը։

Ղարաբաղի վարչապետը հայտարարել է, որ պետությունը մեծ ուշադրություն կդարձնի ճանապարհների վերականգնմանը, որն այսուհետ ռազմավարական խնդիր կհամարվի, ինչպես նաև կխստացվի շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը։-0-