2007 թ.-ին Ղարաբաղում գործազրկության մակարդակը կազմել է 5,1 տոկոս՝ կրճատվելով 1 տոկոսով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2007 թ.-ին Լեռնային Ղարաբաղում գործազրկության մակարդակը կազմել է 5,1 տոկոս՝ անցած տարվա համեմատ կրճատվելով 1 տոկոսով։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ վիճակագրության ազգային ծառայությունից, 2008 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղի տնտեսության մեջ ներգրավված անձանց թիվը կազմել է 56,1 հազ. մարդ՝ անցած տարվա 54,6 հազ. մարդու համեմատ։
Տնտեսական ակտիվ և տնտեսական ոչ ակտիվ բնակչությունը ներառող աշխատանքային ռեսուրսների թիվը 2007 թ.-ին կազմել է 82,6 հազ. մարդ՝ անցած տարվա համեմատ ավելանալով 1,6 տոկոսով։
Տնտեսության մեջ ներգրավված անձանց միջին-ամսեկան նվազագույն աշխատավարձը 2007 թ.-ին կազմել է 68 հազ. 610 դրամ (շուրջ 223 դոլար)՝ 2006 թ.-ի համեմատ ավելանալով 21 տոկոսով։
Բյուջետային ֆինանսավորման վրա գտնվող հաստատություններում և կազմակերպություններում ներգրավված անձանց աշխատավարձը կազմել է 77 հազ. 235 դրամ (շուրջ 251 դոլար)՝ անցած տարվա համեմատ ավելանալով 20,2 տոկոսով, իսկ կոմերցիոն և ոչ կոմերցիոն կազմակերպություններում ներգրավված անձանց աշխատավարձը՝ 62 հազ. 641 դրամ (շուրջ 203 դոլար)՝ ավելանալով 21,8 տոկոսով։
2007 թ.-ին չորրորդ եռամսյակի տվյալներով՝ նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը միջին նվազագույն աշխատավարձի հետ հանրապետությունում կազմել է 26 տոկոս, իսկ նվազագույն սպառողական բյուջեի հետ՝ 64,3 տոկոս։ Միջին նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը նվազագույն սպառողական բյուջեի հետ կազմել է 247,3 տոկոս։-0-