ԵԱՀԿ-ն դադարեցնում է դիտարկումը շփման գծում. ՀՀ ՊՆ-ն վտանգ չի տեսնում. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

19.03.2020, 13:24
ԵԱՀԿ-ն դադարեցնում է դիտարկումը շփման գծում. ՀՀ ՊՆ-ն վտանգ չի տեսնում. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ԵԱՀԿ-ն դադարեցնում է դիտարկումը շփման գծում. ՀՀ ՊՆ-ն վտանգ չի տեսնում. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ առաքելությունը դադարեցնում է դիտարկումը շփման գծում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից ելնելով: Այս մասին նշվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հրապարակված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ COVID-19 տարածումից հետո ստեղծված իրադրությունը հանգեցրել է ողջ տարածաշրջանում միջազգային սահմանների փակմանը, միջազգային և տեղական աշխատակիցների ուղևորությունների սահմանափակմանը, ինչպես նաև սահմանափակումների, որոնք սահմանված են անձնական կոնտակտից խուսափելու նպատակով՝ վարակի տարածման կանխարգելման համար:

«Վերոնշյալը հաշվի առնելով և կողմերի հետ խորհրդակցելուց հետո մշտադիտարկման միջոցառումները կդադարեցվեն մինչև այդ սահմանափակումները վերացվեն: Միաժամանակ ես կշարունակեմ կապի մեջ մնալ համապատասխան ռազմական ղեկավարության հետ», - նշել է Կասպրշիկը հայտարարության մեջ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ դիտարկումը դադարեցվում է, նույնպես վերաբերում է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին:

«Կանոնավոր, պլանային դիտարկումները սահմանին ժամանակավորապես կդադարեցվեն: Պաշտպանության նախարարությունը նախապես տեղեկացվել է այդ մասին և ըմբռնումով է մոտենում սույն որոշմանը»,- նշել է Ստեփանյանը:

Նրա խոսքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը շարունակում է կապ պահպանել ռազմական ղեկավարության հետ: -0-