Դրական լուծման միտում ես տեսնում եմ․ Սիմոնյանը՝ հայ գերիների և պահվող անձանց մասին
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակում ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների և պահվող անձանց խնդրին և նշել, որ չկա այնպիսի քննարկում Ադրբեջանի և միջազգային ներկայացուցիչների հետ, որտեղ չլինեն հայ գերիների և պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների վերաբերյալ կետեր։
«Դա բացառված է։ Միշտ իմացեք, որ այդ երկու կետերը մշտապես կան և լինելու են այնքան ժամանակ, մինչև հարցը չլուծվի, իսկ դրական լուծման միտում ես տեսնում եմ»,- ասել է Աժ նախագահը։
Նրա խոսքով՝ նման հույս է ներշնչում այն, որ այս պահին նախկին 200-ի հասնողի համեմատ, կա 23 հաստատված գերի, ինչպես նաև այդ թեմայով քննարկումները և արձագանքները։
«Երբ մենք խոսում ենք մարդկանց, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ես տեսնում եմ, որ դա լեգիտիմ պահանջ է ՀՀ- կողմից և բացառում եմ, որ որևիցե լեգիտիմ խոսակցություն չունենա դրական արձագանք»,- համոզմունք է հայտնել Աժ նախագահը։
Սիմոնյանը նշել է, որ պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվենք և վստահություն հայտնեց, որ մի օր բոլոր այն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում, վերադառնալու են Հայաստան։

