Արցախի նախագահը կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը հայտնի է
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,- նշել է նա իր Facebook-յան էջում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության տոնակատարության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ու նրա կինը, ԱԱԾ քարտուղար Արմեն Գևորգյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու այլք, կանգնած բացօթյա վայրում` տոնական սեղանի շուրջ առանց դիմակների և ձեռնոցների` չպահպանելով սոցիալական հեռավորություն։
Լուսանկարը իսկական իրարանցում էր առաջացրել սոցցանցերում։ Հիմնականում դժգոհություն են հայտնում քաղաքացիները, ովքեր ստիպված են մնալ տանը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով։
Հայաստանում հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով:-0-

