Արցախի Հանրապետության բուժհասատատություններում կարանտին է սահմանվել
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում գրառում է կատարվել, որում ասվում է, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհասատատություններում սահմանված է կարանտին` համապատասխան սահմանափակումներով, որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը:
«Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասվում է գրառման մեջ։
Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների խմբերում ընդգրկված անձանց Արցախի ԱՆ-ն խնդրում է ներկայանալ նախօրոք բժշկող բժշկի հետ պայմանավորվելուց հետո՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից սկսած:
«Լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք ոչ հրատապ դեպքերում հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել տեղամասային բժշկի հետ` անհրաժեշտ բուժման ցուցում ստանալու համար»,- ասվում է գրառման մեջ։
Արցախի Հանրապետության առողջպահության նախարարի համապատասխան հրամանով` ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին հանձանարարվել է իրենց տնօրինած բուժհաստատություններում`
- ժամանակավորապես սահմանել կարանտին,
- խստիվ արգելել կողմնակի անձանց մուտքը,
- դադարեցնել հարկերի միջև հաղորդակցությունը,
- սահմանափակել հիվանդների անցուդարձը և բաժանմունքից դուրս գալը,
- սահմանափակել նոր հիվանդների ընդունումը, բացառությամբ` կյանքի ցուցման,
- սահմանափակել քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում իրականացվող պլանային հետազոտությունները,
- սահմանափակել հիվանդների պլանային վիրահատությունները,
- շինության մուտքի դռների մոտ փակցնել կարանտինի իրազեկման մասին ցուցանակ:-0-

