Ապատեղեկատվություն է. Արցախում զորք և զինամթերք չի տեղափոխվել

22.03.2023, 15:08
Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել
Ապատեղեկատվություն է. Արցախում զորք և զինամթերք չի տեղափոխվել
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով, հաղորդում է Արցախի Ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչությունից հայտնում են, որ իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև:

Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արգելափակելու պատճառով:

Загружается новость ... "Лево"

«Հաշվի առնելով այդ լեռնային ճանապարհի աշխարհագրական բարդ ռելիեֆը՝ դրանով երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը փորձ է անում ներկայացնել որպես ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ: Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթը՝ ամրագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանների վրա և առաջացած լրացուցիչ անվտանգային ռիսկերը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը», - նշել են Արցախի ՆԳՆ-ից:-0-