ԼՂՀ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է հանրապետության անվտանգությանը. ԼՂՀ ԱԳՆ

12.11.2016, 12:17
ԼՂՀ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է հանրապետության անվտանգությանը, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը:
ԼՂՀ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է հանրապետության անվտանգությանը. ԼՂՀ ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է հանրապետության անվտանգությանը, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը, նշվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ղարաբաղի առաջապահ դիրքերի արկակոծման հետ։

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 60 և 82 միլիմետրանոց ականանետներից արկակոծել են Թալիշ և Յարըմջա գյուղերի ուղղությամբ տեղակայված ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը:

ԼՂՀ ՊՆ–ն ներկայացնում է Ադրբեջանի կողմից շփման գծում արկակոծման մանրամասները>>

Ինչպես նշվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ, ականանետների նմանատիպ զանգվածային կիրառումը, որը Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլյան լայնածավալ ագրեսիայից հետո առաջին անգամ է տեղի ունենում,  դարձավ շփման գծում լարվածությունը սրելու Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող գործողությունների շարունակությունը։

Ինչպես նշեցին գերատեսչությունից, լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում ԼՂՀ սահմանագլխին Ադրբեջանի կողմից մեծաթիվ ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ներգրավմամբ լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների նախապատրաստման ֆոնին։

«Նման գործողությունները կոպտորեն խախտում են շփման գծում լարվածության սրման անթույլատրելիության վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և վկայում են Ադրբեջանի մտադրության մասին՝ խոչընդոտել բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը», - նշվում է հայտարարության մեջ։

Ավելին, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումից և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումից, այլև ձգտում է խափանել հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող միակ միջազգային մեխանիզմը՝ արկակոծելով այն շրջանը, որտեղ նախօրեին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է իրականացրել։

«Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահին և ողջ միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը և գործուն միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար», - ընդգծել են գերատեսչությունից։ -