Կաթ խմելու մշակույթը՝ առողջության գրավական, սննդաբան Մետաքսյա Գալստյանը պարզաբանել է, թե ինչու է պարտադիր կաթի բաղադրիչը երեխաների սննդակարգում (ՎԻԴԵՈ)

15.01.2026, 11:12
Երեխայի առողջությունը սկսվում է ամենօրյա պարզ սովորություններից, որոնցից մեկն էլ ամեն առավոտ կաթ խմելու մշակույթ ձևավորելն է։  Ո՞րն է առողջ կաթնամթերքը, պարզաբանում է սննդաբան Մետաքսյա Գալստյանը. ՎԻԴԵՈ
Կաթ խմելու մշակույթը՝ առողջության գրավական, սննդաբան Մետաքսյա Գալստյանը պարզաբանել է, թե ինչու է պարտադիր կաթի բաղադրիչը երեխաների սննդակարգում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երեխայի առողջությունը սկսվում է ամենօրյա պարզ սովորություններից, որոնցից մեկն էլ ամեն առավոտ կաթ խմելու մշակույթ ձևավորելն է։ Ի՞նչ է ստանում երեխան կաթի պարբերական օգտագործման արդյունքում և ո՞րն է առողջ կաթնամթերքը։

«Նովոստի-Արմենիա»-ի NewsArmenia Stories Youtube-յան ալիքով հեռարձակված հարցազրույցի շրջանակում սննդաբան Մետաքսյա Գալստյանի հետ զրուցել ենք առողջ կաթնամթերքի ընտրության, վաղ տարիքում կաթ խմելու մշակույթի ձևավորման և այն մասին, թե ինչ սխալներ են թույլ տալիս մայրիկները կաթնամթերք ընտրելիս։

Մետաքսյա Գալստյանն ընդգծում է, որ կաթի պարբերական օգտագործման արդյունքում առաջին հերթին բարձրանում է իմունիտետը։

«Կաթը հարուստ է սպիտակուցներով և կալցիումով, որոնք անհրաժեշտ են երեխայի աճի և զարգացման համար, ճարպալույծ վիտամիններով՝ A, D-ով, ինչպես նաև B խմբի վիտամիններով, որոնք ապահովում են երեխայի նյարդային համակարգի զարգացումը։ Կաթնամթերքը հարուստ է նաև պրոբիոտիկներով, որոնք ապահովում են աղեստամքսային տրակտի և մարսողական համակարգի լավագույն աշխատանքը»,-երկարատև հագեցվածության զգացում են ապահովում»,-նշել է նա։

Հարցին, թե որ տարիքից պետք է ներառել կաթնամթերքը երեխայի սննդակարգում, սննդաբանը նշել է լավագույն տարիքը։

«Երեխայի սննդակարգում կաթնամթերքը պետք է ներառել սկսած 6 ամսականից։ Ընդ որում, պետք է սկսել կաթնաթթվային մթերքներից՝ մածուն, կեֆիր՝ հետևելով երեխայի օրգանիզմի արձագանքին»,-ընդգծել է սննդաբանը։

Նրա խոսքով, արդեն 8-9 ամսականից կարելի է ներառել նաև կաթնաշոռը, իսկ մեկ տարեկանից՝ անարատ կաթը։

«1-3 տարեկան երեխաների համար խորհուրդ է տրվում օգտագործել օրական 300-400մլ կաթ, 3-5 տարեկանների համար՝ 400-500մլ, իսկ արդեն 9 տարեկանում երեխան կարող է օգտագործել օրական մինչև 700մլ կաթնամթերք»-,-ասել է սննդաբանը՝ ընդգծելով, որ այս չափաբաժինները վերաբերում են  կաթնամթերքի բոլոր տեսակներին, ոչ թե միայն կաթին։

Իսկ թե որն է առողջ կաթնամթերքը, ինչից պետք է զգուշանալ, սննդաբանը պարզաբանել է, որ առողջ կաթնամթերքի ընտրությունը սկսվում է պիտակի ընթերցումից.

«Եթե պիտակի վրա գրված է 100% բնական, անարատ կաթ, ապա այն համարվում է առողջ կաթնամթերք»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։