Մեկ անձ մոտեցել է և կրակել երեք հոգու ուղղությամբ․ Փարաքարի համայնքապետի հետ սպանվել է նաև ոստիկան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնում նախօրեին ուշ երեկոյան Մերձավանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ինչի հետևանքով սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Ինչպես լրագրողների դեպքի վայրում հայտնեց Սարգսյանը, մահացածներից մյուսը ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է, ով ծառայության մեջ չի եղել։
«Նա ընկերական հարաբերությունների մեջ է եղել Վալոդյա Գրիգորյանի հետ, այդ պահին ուղղակի միասին են եղել», – նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով, ահազանգից անմիջապետ հետո ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ՆԳ նախարարի գլխավորությամբ, ժամանել են միջադեպի վայր։ Ձեռնարկվում են բոլոր օպերատիվ–հետախուզական և տարաբնույթ այլ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Քննարկվում են տարբեր վարկածներ։ Կրակոցներ են եղել, կրակողը դիմել է փախուստի։ նախնական տվյալներով, մեկ անձ մոտեցել է և կրակոցներ է արձակել երեք հոգու ուղղությամբ։ Երկու հոգի մահացել են, մեկ անձ այս պահին վիրահատարանում է», – նշեց Սարգսյանն՝ ավելացնելով, որ դեպքի վայրում տեսախցիկներ կան, որոնք առգրավվել են։
Սարգսյանը նաև նշեց, որ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում համայնքում, բժշկական կենտրոնում և այլ հատվածներում ևս։

