Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձորում ընտանիքի 4 անչափահաս երեխաներ աղիքային ինֆեկցիայով հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 7-ամյա Դ․ Գ․-ն, 12-ամյա Հ․ Գ․-ն, 14-ամյա Ա․ Գ․-ն և 10-ամյա Ա․ Գ․-ն, առողջական վիճակները՝ միջին ծանրության:
Ոստիկանության ծառայողներին երեխաների մայրը հայտնել է, որ որդու ծննդյան արարողության կապակցությամբ մարտի 27-ին «Տարոն 4» թաղամասում գտնվող նորակառույց խանութից գնել է թխվածք և ընտանիքի անդամների հետ կերել այն, իսկ հաջորդ օրը երեխաների ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրանց տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց»:
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։