Մահմեդական աշխարհում ավարտվում է մահմեդական պահքի և աղոթքի Ռամադան ամիսը
Մահմեդական երկրների մեծ մասը շաբաթ օրը կնշեն Իդ ալ Ֆիթրը՝ Ռամադան պահքի ավարտը նշանավորող տոնը։ Ողջ ամսվա ընթացքում մահմեդականները զերծ են մնում կերակուրից, ըմպելիքից և ժամանցից օրվա ցերեկային ժամերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Որպես կանոն՝ պահքի ավարտի տոնը նշվում է երեք-չորս օր՝ սկսած իսլամական շավալ ամսվա առաջին օրվանից։ Առաջին օրը հատուկ ընդհանուր աղոթք է կատարվում։ Այնուհետև տոնական ճաշկերույթ է կազմակերպվում։
Տոնի օրերին մուսուլմանները նվերներ են տալիս բարեկամներին և ընկերներին, ողորմություն են բաժանում աղքատներին, այցելում են նախնիների գերեզմաններին։ Երեխաներին ընդունված է նոր հագուստ գնել։ Մահմեդական երկրների առաջնորդները պաշտոնական շնորհավորանքներ են փոխանակում։
Գործնականորեն մեկ շաբաթով կանգ է առնում ողջ գործարար կյանքը՝ փակ են բանկերը, չի աշխատում բորսան, պետական հիմնարկները, դպրոցներն ու բուհերը։
Որպես կանոն՝ Իդ ալ Ֆիթր տոնի օրերը սահմանում են յուրաքանչյուր երկրում ստեղծվող հատուկ հանձնաժողովները։ Մասնավորապես, այդ հանձնաժողովների անդամները պետք է արձանագրեն երկնքում հայտնված շավալ մուսուլմանական ամսվա նոր բարակ մահիկը։ Այդ իսկ պատճառով այդ տոնը տարբեր երկրներում կարող է տարբեր օրերի սկսվել։ Լիբիայի մահմեդականներն, օրինակ, այս տարի սկսել են տոնել Իդ ալ Ֆիթրն արդեն ուրբաթ օրը։
Սաուդյան Արաբիայի թագավորական արքունիքը նույնպես շաբաթը հայտարարել է պահքի ավարտի տոնի առաջին օր։ Շաբաթ օրը պահքից դուրս են գալիս բազմաթիվ արաբական երկրների, ինչպես նաև Իրանի, Մալայզիայի և Ինդոնեզիայի մուսուլմանները։ -0-

