Ողբերգության հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ «Շիրակ» ՖԱ–ին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել ՀՖՖ–ին

19.05.2025, 16:10
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
Ողբերգության հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ «Շիրակ» ՖԱ–ին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել ՀՖՖ–ին

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։    

«2023 թվականի դեկտեմբերի 29-ին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ողբերգական դեպք. ուժեղ քամուց ակադեմիայի պարսպի մոտ 25 մետր հատված փլուզվեց, ինչն էլ քաղաքացու մահվան պատճառ դարձավ: Դեպքի առթիվ նախաձեռնված է հանրային քրեական վարույթ», – նշվում է հայտարարության մեջ։ 

Ակումբից նշում են, որ դժբախտ պատահարից անմիջապես հետո դեպքի մասին պատշաճ տեղեկացրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը հանդիսանում է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների նոմինալ սեփականատերը: 

«Անցել է մեկուկես տարի, բայց ՀՖՖ ոչ մի ներկայացուցիչ անգամ հարկ չի համարել այցելել ակադեմիա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: 

Այս ընթացքում բազմիցս դիմել ենք ՀՖՖ-ին՝ վեր հանելու ակադեմիայի շին. փաստաթղթերը, ինչպես նաև առաջարկվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ակադեմիայում շինարարական և անվտանգային խնդիրներն արձանագրելու և համապատասխան լուծումներ տալու ուղղությամբ: Սակայն կրկին հանդիպել ենք ՀՖՖ ղեկավարության բացարձակ անտարբերությանը: 

Ակադեմիայում մարզվող սաների անվտանգությունն որպես առաջնահերթություն ընդունելու և հետագայում նման ողբերգության հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային», – նշվում է հայտարարության մեջ։