Ադրբեջանի հավաքականը հեռացվել է Քունգ ֆուի եվրոպական ֆեդերացիայից՝ առանց վերականգնվելու հնարավորության. 168.am

15.05.2016, 00:15
Նախօրեին քունգ ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականը որակազրկվել է:
Ադրբեջանի հավաքականը հեռացվել է Քունգ ֆուի եվրոպական ֆեդերացիայից՝ առանց վերականգնվելու հնարավորության. 168.am
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին քունգ ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականը որակազրկվել է և այլևս չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը, գրում է 168.am –ը։

Ինչպես գրում է կայքը, Հայաստանի Քունգ Ֆուի ֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել Չինաստանում գտնվող Քունգ Ֆուի միջազգային ֆեդերացիա` ընդդեմ Ադրբեջանի:

Քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի խոսքով, Եվրոպական ֆեդերացիայից ադրբեջանցիներին արդեն հեռացրել են և նրանք վերականգնվելու հնարավորություն չունեն։ «Առավելագույնը կարող են ուրիշ ֆեդերացիա բացել ու այլ անվան տակ հանդես գալ, բայց այս կազմով չեն կարող վերականգվել, բոլորին ճանաչում են»,- ասել է նա:

Ըստ ֆեդերացիայի նախագահի, ծեծկռտուքից հետո հարցը քննարկվել է, և դատավորների կոլեգիան ու միջազգային ֆեդերացիան գտել են, որ ադրբեջանցիներն են խախտել սպորտային էթիկան, ու նրանց են որակազրկել:

Ընդ որում, ինչպես հայտնել է Հարությունյանը, կռվի ժամանակ ամեն ինչ այնքան ակնհայտ է եղել, թե ով է ագրեսոր կողմը, որ բոլոր ներկաները, այդ թվում` թուրքերը, պաշտպանել են հայերին:

Հիշեցնենք, որ նախօրեին առաջին մենամարտում հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը պարտության էր մատնել իր ադրբեջանցի հակառակորդին: Երկրորդ մենամարտում պայքարում էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանը, ում հաղթանակն արդեն ակնհայտ էր, բայց Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին: Սադրանքին միացել է նաև ադրբեջանցի մարզիկը, որը ռինգի մեջ թիկունքից հարվածել է Դավիթին:

Այնուհետև ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են մեր հավաքականի անդամաների վրա: Հիստերիայի մատնված ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի Քունգ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի 12-ամյա մարզիկին:

Ստեղծված իրարանցումն ու ծեծկռտուքը հանդարտվել է միայն ոստիկանության միջամտությունից հետո:

Ըստ կայքի հաղորդման, արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի կրտսեր եղբայրն է: -0-