Վիրտուալ երթին մասնակցելու համար ստացվել է մոտ 90 հազ․ հաղորդագրություն, Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է դեպի Ծիծեռնակաբերդ վիրտուալ երթին մասնակցել ցանկացողների թիվը։
Ինչես նա գրել է Facebook-յան իր էջում, այսօրվա ապրիլքսանչորսյան վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է․ 1915 համարին՝ 85․575 անուն, իսկ 00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն։
«Սիրելի հայրենակիցներ. հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին»,- գրել է նա։
Վիրտուալ երթին մասնակցելու համար հաղորդագրություն ուղարկելիս․
- Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
- Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
- Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
- Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
- Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։
Այլընտրանքային երթ
Ապրիլի 24–ին բոլոր հայերը գնում են Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Մարդիկ ծաղիկներ են խոնարհում Անմար կրակի մոտ, սակայն այս տարի երթը լինելու է ոչ թե ավանդական, այլ վիրտուալ։
Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին։-0-

