Կիրականացվի Մոսկվա-Երևան երկրորդ չարթերային չվերթը
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 7-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարթերային չվերթ ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադառնալու համար։ Այս մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում։
Ըստ գրառման՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երկրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 7-ին (ժամը՝ 15։40)։
«Նշյալ թռիչքով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները»,- ասվում է գրառման մեջ։
Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից (ապրիլի 7-ին, ժամը՝ 09:30-ից սկսած):
Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝
Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18
«Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 27–ից դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Ապրիլի 4–ին ժամը 00։00–ից դադարեցվել են նաև ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով նախատեսված միջազգային ավիաչվերթերը, որոնց համար ավելի վաղ արվել էր բացառություն։–0–

