Կիևից դեպի Երևան չարթերային չվերթ կկազմակերպվի

20.03.2020, 16:13
Կիևից դեպի Երևան չարթերային չվերթ կկազմակերպվի
Կիևից դեպի Երևան չարթերային չվերթ կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. «SkyUp» ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարթերային թռիչքը: Այս մասին նշվում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում:

««SkyUp» ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարթերային թռիչքը։ Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում (հղումը ստորև)։
Համաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների»,- նշվում է հայտարարության մեջ:

Դեսպանությունից հայտնում են, որ Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Այս պահին ՀՀ-ում կա կորոնավիրուսով վարակման հաստատված 136 դեպք:

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–