Իրականացվում է 70 ՀՀ քաղաքացիների Թուրքիայից Հայաստան տեղափոխումը. Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի-Արմենիա/.ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, նշվում է ԱԳՆ պաշտոնական կայքում:
Հայտնի է դարձել, որ կազմակերպվել է Թուրքիայից մեր քաղաքացիների Հայաստան տեղափոխումը: Նաղդալյանը հայտնել է, որ ինչպես է հնարավոր եղել կազմակերպել այդ գործընթացը փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում:
«Տեղյակ եք, որ Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, և առաջնահերթություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին»,- նշել է Նաղդալյանը:
Նա նշել է, որ ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գնտվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ և հայտնել, որ ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, ովքեր Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
«Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է»,- նշել է Նաղդալյանը:
Նաղդալյանը մեկնաբանել է նաև Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրության մեջ նշված տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 9-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 921 հաստատված դեպք։ Բուժվել է 138 մարդ, փաստացի բուժվողների թիվը՝ 773: 10 մարդ, ցավոք, մահացել է։–0–