«Ինքնամեկուսացո՞ւմ»․ Երևանի մարդաշատ փողոցները և Փաշինյանի զարմանքը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Չնայած Հայաստանում արտակարգ դրությանը և տեղաշարժի սահմանափակումներին՝ քաղաքների փողոցները դեռ մարդաշատ են: Այդ մասին է վկայում «Յանդեքս» ընկերության վիճակագրությունը:
Ընկերությունը ներկայացնում է երեք խոշորագույն քաղաքների ցուցանիշները, որոնք կարող են անհանգստություն առաջացնել՝ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածումը: Այսպիսով, Երևանի «մեկուսացման ինդեքսը» 2,5 միավոր է (որքան ցածր է, այնքան շատ մարդ է փողոցում գտնվում), ինչը նշանակում է, որ մեծ թվով բնակիչներ են գտնվում մայրաքաղաքի փողոցներում:
Գյումրու (2,8 միավոր) և Վանաձորի (2,5 միավոր) ցուցանիշները վկայում են նաև, որ քաղաքացիները չեն հետևում պարետի ցուցումներին:
Փողոցներում քաղաքացիների թվի աճը աննկատ չմնաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով դրա մասին խոսեց հինգշաբթի՝ կառավարության նիստի ընթացքում:
«Երեկ ես ընտանքիս հետ գնացի զբոսանքի և փողոցում շատ մարդիկ կային: Մենք որոշակի պարտադիր կանոններ ենք սահմանել, որպեսզի խուսափենք վարակից, բայց դրանք ակնհայտորեն չեն պահպանվում», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ եթե հնարավոր չլինի քաղաքացիներին ստիպել փոխել իրենց պահվածքը և պահպանել հաստատված սահմանափակումները, ապա հետագայում կարող են խնդիրներ առաջանալ:
«Մենք քայլում էինք, և մարդիկ կանգնած էին խմբերով և զրուցում: Եթե մեկ վարակված մարդ լիներ, ապա, ակնհայտորեն, այդ 10-15 մարդը միանգամից կվարակվեին», - ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է (նախկինում գործում էր մարտի 16-ից ապրիլի 14-ը) 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով։-0-

