ԵՐԵՎԱՆ, 30 մարտի, /Նովոստի-Արմենիա/․ 2019‑nCoV-ով վարակվել հնարավոր է այլ մարդկանցից, եթե նրանք վարակված են այդ վիրուսով, ասվում է Առողջության համաշխարհային կազմակերպության կայքում։
«Հիվանդությունը կարող է մարդուց մարդուն փոխանցվել COVID‑19-ով հիվանդ մարդու՝ փռշտալիս կամ հազալիս նրա քթից կամ բերանից դուրս եկող մանր կաթիլների միջոցով։ Այդ կաթիլներն ընկնում են մարդուն շրջապատող իրերի և մակերեսների վրա։ Ուրիշ մարդիկ կարող են վարակվել՝ դիպչելով սկզբում այդ իրերին կամ մակերսներին, հետո՝ աչքերին, քթին կամ բերանին։ Բացի դրանից, վարակում կարող է տեղի ունենալ COVID‑19-ով հիվանդ մարդու հազից կամ փռշտոցից առաջացած փոքր կաթիլները շնչելուց։ Այդ պատճառով, կարևոր է մնալ հիվանդից ավելի քան 1 մետր հեռավորության վրա », - նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ներկայիս գիտական տվյալների՝ օդից ավելի կարևոր փոխանցման գործոն են հենց շնչառական ուղիներից արձակված փոքրիկ կաթիլները:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։
Մարտի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 482 հաստատված դեպք: 30 մարդ բուժվել է, երեք հիվանդ, ցավոք, մահացել: –0–