Արդյո՞ք հիպերտոնիկ հիվանդությունների դեղերն ազդում են COVID-19- ի ծանրության վրա․ ԱՀԿ-ն ներկայացրել է իր ուսումնասիրությունը
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապացույց չունի, որ հիպերտոնիկ հիվանդությունների համար դեղերը հանգեցնում են կորոնավիրուսից առաջացած հիվանդության ավելի ծանր ընթացքին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը , ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:
«Ներկայումս առկա ապացույցները վկայում են, որ հիպերտոնիկ հիվանդությունների դեղամիջոցները, որոնք օգտագործվում են շատ մարդկանց կողմից, չի ազդում հիվանդության ծանրության վրա», - ասել է նա:
Փորձագետը նշել է, որ տարիքը, հաճախ, հիմնական գործոններից մեկն է:
«Ընդհանուր առմամբ, երիտասարդների մոտ հիվանդությունն ավելի թեթև ընթացք է ունենում։ Սակայն երիտասարդները պետք է անեն հնարավոր ամեն ինչ վարակից խուսափելու համար, որպեսզի չվտանգեն այլ մարդկանց կյանքը։ Ավելին, ԱՀԿ-ի տվյալները վկայում են, որ Չինաստանում, Իտալիայում և այլ երկրներում թե՛ 30-ամյա, թե՛ 40-ամյա և թե՛ 50-ամյա հիվանդները հայտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում և մահանում են կորոնավիրուսի պատճառով»,- ընդգծել է Ռայանը։
«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել տանը վարակված անձանց և այն մարդկանց, ովքեր նրանց խնամում են», - ասել է նա: «Ինչ վերաբերում է առհասարակ հասարակությունում դիմակների օգտագործմանը, ապա խոսքը ինքդ քեզ պաշտպանելու մասին չէ։ Դիմակը մարդուն չի պաշտպանում, սակայն եթե վարակված մարդը դիմակ է կրում, ապա շատ ավելի քիչ հավանական է, որ նա վարակի այլ մարդկանց։ Մյուս կողմից, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ գտնվեն կարանտինում»,- նշել է Ռայանը։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 4-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 770 հաստատված դեպք։ Բուժվել է 43 մարդ, 7-ը, ցավոք, մահացել։-0-

