Հայտնի է 5–րդ միջոցառման դիմումների ներկայացման վերջնաժամկետը

07.05.2020, 21:26
ՊԵԿ–ը հայտնում է 5–րդ միջոցառման դիմումների ներկայացման վերջնաժամկետը
Հայտնի է 5–րդ միջոցառման դիմումների ներկայացման վերջնաժամկետը
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը ներառյալ: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
«Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (5-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար, դիմումները ներկայացնել նշված ժամկետում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, կոմիտեն առաջարկում է, դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.
1. Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
2. Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:
3. Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների չեզոքացման մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է աջակցել տնտեսության տարբեր ոլորտներին և օգնել բնակչության տարբեր խմբերին։

5–րդ միջոցառումով դրամաշնորհի տեսքով պետական աջակցություն կստանան այն ընկերությունները, որոնք, չնայած արտակարգ դրության ռեժիմին, չեն հեռացրել իրենց աշխատակիցներին և պահպանել են աշխատավարձային ֆոնդը (հունվարի 1–ից ապրիլի 1–ը)։

Ծրագիրը կանդրադառնա նաև փոքր բիզնեսին, քանի որ աջակցության գործիքից պետք է օգտվեն այն կազմակերպությունները, որոնց հաստիքում կա 2–50 վարձու աշխատող։ Ծրագրով նախատեսված է աջակցություն յուրաքանչյուր 5–րդ աշխատակցին։-0-