COVID-19-ի համավարակի պատճառով միլիոնավոր երեխաներ կարող են ստիպված լինել աշխատել ամենավատ և ամենավտանգավոր պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ COVID-19 համավարակի հետ կապված ճգնաժամի պատճառով միլիոնավոր երեխաներ կարող են ներգրավվել մանկական աշխատանքի մեջ, և դա 20 տարվա ընթացքում առաջին անգամ կհանգեցնի դրա մասշտաբների ավելացմանը, ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ պատրաստած վերլուծական գրության մեջ: Այս մասին ասվում է գործակալության ստացած հաղորդագրության մեջ:
«COVID-19 համաճարակ և մանկական աշխատանք. Ճգնաժամի ժամանակը գործելու ժամանակն է» փաստաթղթի տվյալներով՝ 2000 թվականից ի վեր մանկական աշխատանքի մասշտաբները նվազել են 94 միլիոնով, բայց այժմ այդ նվաճումը հնարավոր է ջնջվի:
Երեխաները, որոնք արդեն ներգրավված են մանկական աշխատանքի մեջ, սկսել են աշխատել կամ ավելի երկար ժամանակ, կամ ավելի վատ պայմաններում, նշվում է զեկույցի մեջ: Նրանցից շատերը գուցե ստիպված են գործ ունենալ աշխատանքի ամենավատ ձևերի հետ, որոնք զգալի վնաս են հասցնում նրանց առողջությանը և անվտանգությանը:
Ըստ նրա, որոշիչ նշանակություն ունի երեխաների աշխատանքային խնդիրների ընդգրկումը քաղաքական ավելի լայն միջոցառումների` կրթության, սոցիալական պաշտպանության, արդարադատության, աշխատաշուկաների կարգավորման, մարդու իրավունքների և աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում:
Փաստաթղթում ասվում է, որ COVID-19 համաճարակը կարող է հանգեցնել աղքատության աճի և, հետևաբար, մանկական աշխատանքի մասշտաբների մեծացման, քանի որ այժմ շատ ընտաիքներ պատրաստ են ամեն ինչ անել ՝ գոյատևելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մի շարք երկրներում աղքատության աճը մեկ տոկոսային կետով հանգեցնում է մանկական աշխատանքի տարածվածության աճի 0,7 տոկոսով:
«Ճգնաժամի պայմաններում շատ ընտանիքների համար երեխաների աշխատանքը խաղում է մի տեսակ պաշտպանիչ մեխանիզմի դեր: Աղքատությունն աճում է, դպրոցները փակվում են, սոցիալական ծառայությունները դառնում են անհասանելի, և այս ամենը ավելի ու ավելի շատ երեխաների է մղում աշխատաշուկա: Մտածելով այն մասին, թե ինչպիսին կդառնա մեր աշխարհը COVID համաճարակի ավարտից հետո, մենք պետք է այնպես անենք, որ երեխաները և նրանց ընտանիքները հնարավորություն ունենան ապագայում դիմակայել նմանատիպ ցնցումներին: Որակյալ կրթությունը, սոցիալական պաշտպանվածությունը և տնտեսական հնարավորությունների ընդլայնումը կոչված է փոփոխություն կատարել», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:
Փաստաթղթում առաջարկվում են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են մանկական աշխատանքի աճը կանխելուն: Դրանց թվում` ավելի համապարփակ սոցիալական պաշտպանության ապահովումն է, աղքատ տնային տնտեսությունների վարկի հասանելիության դյուրինացումը, մեծահասակների համար պատշաճ աշխատանքի ապահովումը, երեխաներին դպրոց վերադարձնելու միջոցները, ներառյալ՝ դպրոցների վճարների չեղարկումը, աշխատանքային տեսչության և իրավապահ մարմինների ավելի հիմնարար ռեսուրսների հատկացումը:-0-