Կորոնավիրուսի պատճառով աշխարհին բիբլիական մակարդակի սով է սպառնում․ ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Մարդկությունն ընդամենը մի քանի ամսից կարող է բախվել բիբլիական մասշտաբի սովի, եթե ժամանակին չընդունվեն սննդի անվտանգության ապահովման միջոցառումներ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին։
«Աշխարհում դեռևս զանգվածային սով չկա, բայց ես պետք է Ձեզ նախազգուշացնեմ, որ եթե հիմա չսկսեք գործել՝ ապահովել հասանելիություն, թույլ չտալ խափանում ֆինանսավորման ու առևտրի հետ կապված, ապա մենք կարող ենք բախվել իրապես բիբլիական մասշտաբի սովի ընդամենը մի քանի ամիս հետո»,-ասել է Բիզլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա շեշտեց, որ COVID-19- ը ոչ միայն գլոբալ սպառնալիք է մարդու առողջության համար, այլև գլոբալ հումանիտար աղետ է: «Հակամարտության գոտիներում բնակվող միլիոնավոր քաղաքացիական անձինք, ներառյալ կանայք և երեխաները, կարող են հայտնվել սովի եզրին», - նախազգուշացրեց Բիզլին:
Իր ելույթում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին նշել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում այդ երկրներին օգնելու վրա: «Մենք հաճախ մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում այդ երկրներին ինչպես երկկողմ ուղիներով, այնպես էլ ԱՀԾ միջոցով», - ասաց նա: - «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը տարեկան ավելի քան 40 միլիոն դոլար է հատկացնում այդ նպատակների համար»:-0-