Ավինյանը` տեղաշարժի նոր սահմափակումների և գործող բացառությունների մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Վաղվանից սկսած մինչև մարտի 31-ը մենք անցնելու ենք ավելի խիստ սահմանափակումների: Այս մասին Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը:
Սահմանփակումները կգործեն անձանց տեղաշարժի առումով:
«Այն անձինք, ովքեր ունեն իրավունք աշխատավայրում գտնվելու, անպայման ունենալու են հնարավորություն այցելել աշխատանքի վայր, այնուամենայնիվ, պետք է խնդրենք, որ այդ անձինք իրենց հետ ունենան անձնագիր կամ այլ անձը հաստատող փաստաթուղթ և մի ձևաթուղթ, որտեղ նշված կլինի, թե անձը ուր է գնալու, որ ժամին է գնալու, այդ այցելության վայրի հասցեն, անվանումը, նպատակը և վերադարձի ակնկալվող ժամը»,- նշել է Ավինյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ հնարավորություն է տրվելու նաև առևտրի իրացման վայրեր և բուժհաստատություններ այցելելու համար:
«Մարդիկ ունենալու են հրավորություն այցելել դեղատներ, սննդի օբյեկտներ, նույնիսկ գյուղատնտեսական շուկաներ, և առողջական խնդիրներ ունեցող անձինք անպայման հնարավորություն ունենալու են այցելել հիվանդանոցներ կամ պոլիկլինիկաներ, և մի շարք բացառություններ ևս նախատեսված են»,- նշել է պարետը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները այս որոշմանը ավելի մանրամասն կարող են ծանոթանալ նաև կառավարության պաշտոնական կայքէջում՝ COVID-19 հատուկ բաժնում։
Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։Քիչ առաջ Facebook-յան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ: ՀՀ-ում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի վարակման 249 դեպք, 6 մարդ առողջացել է:
Նրա խոսքով, այս պահին թոքաբորբ ունի 30 քաղաքացի, 5–ն ինտենսիվ թերապիայի կարիք ունեն, և նրանցից մեկի` 77–ամյա պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այսօրվանից մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, որոնք ուժի մեջ կտնեն այսօր 23:00-ից: -0-