Ամենադաժանը սկզբի 3-4 օրերն են եղել․ Գերմանիայում բնակվող հայազգի բժիշկը հայտնել է կորոնավիրուսով վարակվելու մասին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Գերմանիայում բնակվող հայազգի բժիշկ-արյունաբան, ուռուցքաբան Տարոն Սարիբեկյանը վարակվել է կորոնավիրուսով և Facebook-յան իր էջում գրառում է կատարել դրա մասին։
«Այո, հարգելի սիրելիներ, ես ձեր էն ծանոթն եմ, ով COVID-19 դրական ա ու ունեցել ա համարյա բոլոր հնարավոր սիմպտոմները։ Էս նկարով ձեզ հետ կիսվելս մենակ մեկ նպատակ ունի. ուշքի էկեք, մի թերագնահատեք հիվանդությանն ու մի գերագնահատեք ձեր օրգանիզմի հնարավորությունները»,- գրել է նա։
«Մի բան կասեմ հաստատ. եթե ունենայի ուղեկցող հիվանդություններ, հիմա երևի ձեզ հետ կիսվելու ունակությունից զրկված կլինեի։ Հիշեք, որ տանն ունեք տատ ու պապ, մամա ու պապա, հիշեք ու հետևեք բոլոր էն ցուցումներին, որոնք ձեզ տրվում են»,- ասվում է գրառման մեջ։
Բժիշկը տեղեկացրել է, որ ինքն արդեն անհամեմատ ավելի լավ է, դեռևս ոչ ամբողջովին կազդուրված, բայց լավացման ճանապարհին։ Նրա խոսքով՝ ամենադաժանը սկզբի 3-4 օրերն են եղել ( տենդ, դող, հազ, մարմնի ջարդվածության զգացում, քնի խանգարում, համի զգացողության կորուստ, փորլուծություն), հետո սիմպտոմները սկսել են դանդաղորեն հետ զարգանալ։
«Մնացածը կպատմեմ հետո։ Առողջ եղեք!»,- գրել է Սարիբեկյանը։-0-

