Երևանի կենդանաբանական այգին Երեխաների պաշտպանության օրը փակ կլինի

29.05.2020, 17:42
Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը փակ կլինի
Երևանի կենդանաբանական այգին Երեխաների պաշտպանության օրը փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Այս մասին ասվում է կենդանաբանական այգու Facebook-յան էջում։ 

Նշվում է, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: 

«Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը»,- ասվում է գրառման մեջ։

Միաժամանակ նշվում է, որ հունիսի 2-ից այգին կրկին կաշխատի բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած, 120-ը` մահվան ելքով:-0-